Ծնեբեկ

5

Ծնեբեկը բանջարեղեն է, որը գոնե պետք է հասցնել փորձել, քանի որ այն լինում է տարվա մեջ ընդամենը 2 ամիս:
Ծնեբեկը մարդկությանը ծանոթ է եղել դեռեւս 4000 տարի առաջ:
Այսօր ծնեբեկը շարունակում է դելիկատես մնալ, բայց հասանելի է բոլորին: Ծնեբեկը պարունակում է շատ սպիտակուցներ, ածխաջրեր, մեծ քանակությամբ վիտամիններ, կարոտին, սապոնին եւ այլն: Այս բանջարեղենը հարուստ է ոչ թե կալորիաներով, այլ` հանքային նյութերով: Ծնեբեկում պարունակվող նյութերը մաքրում են արյունը, դրականորեն են ազդում լյարդի աշխատանքի վրա:
Նախկինում բժշկության մեջ օգտագործվել են բույսի արմատներն ու վերգետնյա մասը` սրտի, լյարդի, միզաքարային եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: Մի ժամանակ ծնեբեկի պտուղներն օգտագործվել են որպես բուժամիջոց սեռական թուլության դեմ: Պետք է ասել, որ ծնեբեկն այսօր էլ համարվում է շատ լավ աֆրոդիզիակ:
Բուլղարիայում ծնեբեկով կարգավորում են նյութափոխանակության խանգարումը, օրինակ` շաքարային դիաբետի դեպքում: Չինացիներն էլ են խորհուրդ տալիս տոնուսը բարձրացնելու համար ծնեբեկ օգտագործել: Իսկ Ավիցենան իր «Բժշկագիտության մասին աշխատության» մեջ գրում է, որ «ծնեբեկի թուրմը խմում են մեջքի ցավի ու նստաներվի բորբոքման դեպքում»:

Ծնեբեկը հաճախ նշանակում են տախիկարդիայի դեպքում, սրտային ռիթմի խանգարման ժամանակ: 1ճաշի գդալ չորացրած-մանրացրած ծնեբեկի արմատները 0,5 լ ջրով հասցնել եռման ջերմաստիճանի, եռացնել 10 րոպե եւ ընդունել բաժակի 1/2-ից` օրվա մեջ 3-4 անգամ: 3 թեյի գդալ թարմ տերեւները կամ արմատները ներքնացողունների հետ միասին լցնել 250մլ եռջրի մեջ եւ պահել տաք տեղում, ապա քամել: Այս թուրմից օգտագործել 2 ճաշի գդալ` օրը 4 անգամ` հոդացավերի, մաշկի ցանի դեպքում:
Ընձյուղների թուրմը եւ արմատների խաշուկը` 1:10 հարաբերությամբ խմել որպես միզամուղ միջոց` սրտի, երիկամների եւ միզափամփուշտի հիվանդությունների, ինչպես նաեւ՝ հոդատապերի ժամանակ: Ի դեպ, վերջին հիվանդության դեպքում կարելի է օգտագործել նաեւ օշարակը: Թարմ քամած հյութը եփել շաքարի հետ` 2:1 հարաբերությամբ, խմել օրը 2-4 անգամ` 1-ական թեյի գդալ: Ինչպես ասացինք, այն շատ օգտակար է շաքարախտի, այտվուցվածության, ջրգողության դեպքերում, նաեւ շատ լավ ախորժակը բարձրացնող միջոց է համարվում:
Այն նաեւ համարվում է դիետիկ սնունդ:

Վրեժ Հովսեփյան

Ելք լրատվական-վերլուծական