Թուրքիայում հարցվածների 51.1%-ը դեմ է սահմանադրական փոփոխություններին

171

Ըստ թուրքական «Gezici» սոցիալական հետազոտությունների կենտրոնի իրականացրած հարցումների բնակչության 45.7 տոկոսը պատրաստվում է դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների, իսկ 43.7 տոկոսը` այո: Մնացած 10.6 տոկոսը դեռևս որոշում չի կայացրել, սակայն այդ թիվը այո և ոչ քվեարկողների վրա ըստ հարաբերակցության բաժանելիս ստացվել է, որ ընդհանուր առմամբ հարցվածների 51.1 տոկոսը պատրաստվում է դեմ քվեարկել, 48.9 տոկոսը` կողմ: հարցվածների 16 տոկոսն էլ ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` «Gezici»-ի տնօրեն Մուրաթ Գեզիջին նշել է, որ քվեարկության վերջնական արդյունքի համար որոշիչ է լինելու չկողմնորոշվածների ընտրությունը և քվերկությանը չմասնակցողների տոկոսը:

«Եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, ապա ավելի հավանական է, որ սահմանադրական փոփոխություններին ոչ քվեարկողների տոկոսը գերակշռի այո քվեարկողների տոկոսին, իսկ հակառակ դեպքում մեծանում են «այո»-ի շանսերը»,- ասել է Գեզիջին:

Հարցմանը մասնակցել է 2.860 քաղաքացի երկրի տարբեր շրջաններից:

Ապրիլի 16-ին Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 7-րդ հանրաքվեում քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
Ելք լրատվական-վերլուծական