Անուշ Սեդրակյանը ՀՀԿ օլիգարխիայի, աչքեր հանելու ու կաշին քերթելու մասին

102

ՀՀԿ-ն հրապարակեց ցուցակը և  պարզ դարձավ, որ մականունավորները, օլիգարխները նորից ընդգրկված են ռեյտինգային ցուցակում։ Elq.am_ի հետ զրույցում, պատասխանելով մեր այս դիտարկմանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ասաց. «Որպեսզի դու ունենաս քաղաքական ռեսուրս, դու պետք է այդ քաղաքական ռեսուրսն աճեցնես, իսկ քաղաքական ռեսուրս չի կարելի աճեցնել խաբեության վրա։ Չի կարելի ասել, որ Հայաստանը բարգավաճ է, երբ այն սուզվում է աղքատության մեջ, չի կարելի ասել, որ Հայաստանն ապահով է, երբ սահմանին այդքան լարած է, չի կարելի ասել, որ Հայաստանը վերածնվում է, երբ արտագաղթի և մահացության ցուցանիշներով մենք անընդհատ գտնվում ենք համաշխարհային բարեկեցության ամենացածր սանդղակներում, չի կարելի բացահայտ ստել։ Բոլորն էլ գիտեն, թե ինչպես են այդ մականունավորները հայտնվում կուսակցություններում, թե ինչպես են իրենց փոխարինելու գալիս ավելի պակաս վատ հեղինակություն ունեցողներ, բայց ոչ պակաս անմեղ մարդիկ»։

Անդրադառնալով  «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարում հնչած աչքեր հանելու, կաշին քերթելու մասին հայտարարություններին, մեր զրուցակիցն ասաց. «Ռուսներն ասում են՝ Каков поп, такой и приход, այսինքն՝ ինչպիսին  քո քաղաքական հայացքներն են, այնպիսին էլ քո քաղաքական էլիտան է, ինչպիսին քո քաղաքական էլիտան է, այնպիսին էլ քո քաղաքական բառապաշարն է։ Եվ ինչու են որոշ մարդիկ  պրոպագանդում «ժողովրդի ծոցից ելած» կամ ժողովրդի լեզվով խոսող քաղաքական գործիչներին, ինչու է ԱՄՆ նախագահը ասում, որ ինքը սիրում է չկրթված մարդկանց՝ մեկ պարզ պատճառով. մարդիկ, ովքեր ունեն կրթության ցածր մակարդակ, որոնք ունակ են խոսել այդ բառերով կամ ավելին՝ ընկալել այդ բառապաշարը, նրանք հենց այդ կառավարվող մասսան են, որոնց կարելի է հազար անգամ օգտագործել տարբեր տիպի կեղտոտ խաղերում։ Դրա համար Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛  հանրային դաշտում իշխանությունները խրախուսում են անկրթությունը, այսպես կոչված ՝ ժողովրդական, իսկ իրականում ՝ փողոցային լեզուն։ Դրա համար այդ ամենն անցնում է անպատիժ և աննկատ, միայն մամուլն է թեթև արձագանքում։ Կարող եմ ասել, որ նման հայտարարության համար եվրոպական երկրներում կարելի էր մեկընդմիշտ լքել քաղաքական պոստը ՝ սև ցուցակ մտնելով»։

Տաթեւիկ Վարդանյան

Ելք լրատվական-վերլուծական