Թուրքիայի բնակչության 70 տոկոսը երբևէ չի մասնակցում որևէ մշակութային միջոցառման

117

Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամը զեկույց է հրապարակել թուրք հասարակության և մշակույթի առնչությունների վերաբերյալ: Զեկույցում ամփոփվել են 2016թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայում  իրականացված ուսումնասիրության արդյունքները:

«CNN Türk»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամի հրապարակած զեկույցում արձանագրվել է, որ այս երկրի բնակչության 39 տոկոսը երբեք գրքեր չի կարդում, 49 տոկոսը չի հաճախում կինոթատրոն, 66 տոկոսը չի հաճախում թատրոն, համերգ, օպերա, 47 տոկոսը ամսագրեր չի կարդում, 81 տոկոսը չի կարողանում նվագել որևէ երաժշտական գործիքի վրա, 86 տոկոսը որևէ մասնագիտությամբ դասընթացների չի հաճախում:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 85 տոկոսը ամենից հաճախ մշակույթի հետ առնչվում է հեռուստացույցի միջոցով: Բնակչության 70 տոկոսը ընդհանրապես երբևէ չի մասնակցում որևէ  մշակութային միջոցառման, 20 տոկոսը տարեկան մեկ կամ մի քանի անգամ մասնակցում է վճարովի միջոցառումների, իսկ 10 տոկոսը մասնակցում է միայն անվճար մշակութային միջոցառումների: Ընդ որում, ամենից ակտիվ կերպով  մշակույթի հետ առնչվում են 18-24 տարիքային խմբի ներկայացուցիչները:

Հասարակության և մշակույթի միջև այս խզման պատճառների թվում նշվում են հասարակության մեջ տարածված ստերոտիպերը, սոցիալական  միջավայրի և կրթության համակարգից ծագող խոչընդոտները, նյութական խնդիրները:

Հայտնում է Ermenihaber.am-ը:
Ելք լրատվական-վերլուծական