Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառը

19

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և ՀՀ հրատարակիչների ասոցիացիան 2017 թվականի փետրվարի 17-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում: Տոնավաճառը և առնչվող միջոցառումները կիրականացվեն գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:

Գրքի հայաստանյան ցուցահանդես-վաճառքին իրենց հրատարակություններով կմասնակցեն «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ-Պրինտ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդես-տոնավաճառը կներկայացնի հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակությունները, հատկապես` մանկապատանեկան ոլորտի գրականությունը: Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր:

Ելք լրատվական-վերլուծական