Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին

18

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:

Հայոց Հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց նաև առկա սերտ համագործակցությունը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների և ՀՀ ԱԻ նախարարության միջև՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու թեմերի և Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության և տուժածների հոգևոր խնամքի մասին` պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը:

Իր հերթին խոսք ասաց նաև նախարար Դ. Տոնոյանը: Նա Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարն արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորեց նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ելք լրատվական-վերլուծական