Հայտնի է Պոլսո պատրիարքի ընտրության օրը

46

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամը լուծելու համար Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգեւորականները երկու տարբեր հանդիպումներ են անցկացրել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հայկական հիմնադրամների առաջնորդներից, ազդեցիկ հայերից, որոնց մեջ եղել է նաեւ հայ կին պատգամավոր Սելինա Դողանը, հավաքվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահներից մեկում, իսկ միեւնույն ժամանակ գաղտնի հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Այս վերջին խումբը հանդիպման վերջում արձանագրություն էր ստորագրել, որտեղ նշվել էր, որ եպիսկոպոս Մաշալյանն ու արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնության են եկել ու պատրիարքի ընտությունները տեղի են ունենալու մայիսի 28-ին, իսկ մինչ այդ փոխպատրիարքի պաշտոնում շարունակելու է մնալ արք․ Արամ Աթեշյանը։

Այս հանդիպումն ու հանդիպման արձանագրությունը խիստ վրդովեցրել են դրսում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին։ Կրքերն այնքան են թեժացել, որ սկսվել է հրմշտոց ու վիրավորանքներ, որի պատճառով դեպքի վայր են կանչվել ոստիկաններ։

Հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Թորոս Ալջանը հայտարարել է, թե չի ճանաչում ընդունված արձանագրությունը, քանի որ այն հրեշավոր քայլ է իրավական առումով անթուլատրելի։

Հայ կին պատգամավոր Սելինա Դողանը եւս բողոքել է ընդունված արձանագրությունից՝ հայտնելով, թե այն երկու կողմի միջեւ հաշտության պայմանագիր է, սակայն այն խնդրի հիմնարար լուծում չէ եւ դրանով Աթեշյանը շարունակելու է ղեկավարել պատրիարքարանը։

Ստամբուլահայ հիմնադրամների համերաշխության միության փոխնախագահ Հարություն Շանլըն էլ շեշտել է, որ եթե չունեն պատրիարք, ուրեմն չի կարող լինել փոխպատրիարք եւ Աթեշյանը պարտավոր է անմիջապես հրաժարական տալ։ Նա արձանագրությունն անվանել է արք․ Աթեշյանին փրկելու գործողություն։

Նշենք, որ արձանագրության մեջ հիշատակվել է, որ փետրվարի 17-ին տեղի է ունենալու տեղապահի ընտրություն, իսկ փետրվարի 18-ին տեղապահի հրավերով հոգեւոր խորհրդի անդամներից ու համայնքի անդամներից  15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ընտրվելու։

Ելք լրատվական-վերլուծական