Տաճատ Սարգսյանը Կոմկուսը տեսնում է առաջիկա խորհրդարանում

50

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը վստահ է, որ կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն է գրանցելու: «2003, 2007, 2012 թվականներին կուսակցությունը չհայտնվեց Ազգային ժողովում, ոչ նրա համար, որ այն թույլ էր, այլ կային պատճառներ: Եթե խորհրդարանում չի հնչում կոմունիստական գաղափարախոսություն, ապա խորհրդարանը երկու ոտքով կաղում է: ԵԱՏՄ անդամ պետություններում Կոմկուսները հաջողությամբ հանդես են գալիս իրենց ընդդիմադիր կեցվածքով, օգտակար են լինում իշխանությանը, սակայն այստեղ որեւէ արժեք չի ներկայացնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Տաճատ Սարգսյանի խոսքով՝ կուսակցության ծրագրերում նախատեսված քայլերը բխելու են ժողովրդի շահերից: «Հայաստանի կոմունիստական կուսակցության նկատմամբ վերաբերմունքը ևս մեկ անգամ եկավ ասելու, որ մենք պարտավոր ենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, լավ նախապատրաստվելու և կարծում ենք, որ 2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Կոմկուսը ոտք է դրել Ազգային ժողով: Չեմ կասկածում, որ մեր ցուցակում առաջադրված մարդկանց մասնակցությամբ կուսակցությունը հաջողության կհասնի եւ կփոխի խորհրդարանի ողջ կերպարը: Մեր պատգամավորության թեկնածուներն այն մարդիկ են, ովքեր իրենց գրպանում 30-40 տարի շարունակ պահել են կուսակցական քարտը: Մեզ հետ են արդյունաբերության, կրթության, գիտության, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ունենք բազմաշերտ ցուցակ»,-նշեց  Տաճատ Սարգսյանը:

 

Ելք լրատվական-վերլուծական