Վ. Բոստանջյան. Գազի գնի իջեցում հնարավոր է, բայց պետական մեքենան աշխատում է ժողովրդին հնարավորինս կեղեքելու ուղղությամբ

81

«Ծառուկյան» դաշինքն այսօր հրապարակել է 15 առաջնահերթ քայլերը, որոնք ուղղված են երկիրն առկա ծանր իրավիճակից դուրս բերելուն: Դրանց թվում առանձին տողով անցնում է գազի գնի իջեցումը: ELQի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ սա ոչ թե լոկ բառեր ու խոստում է, այլ ՝ իրողություն, Հայաստանում հնարավոր է գազի գնի էական իջեցում, բայց հարցին, թե ո՞րն է  պատճառը, որ դա չի արվում նշեց` հասցեատերը ինքը չէ:

«Հայաստանը գազը սահմանի վրա ՌԴ-ից գնում է 150 դոլարով: Գազը ՀՀ սահման է մատակարարվում հազարավոր կիլոմետրեր, բայց արի ու տես, որ այս 300 կմ երկարություն ունեցող երկրում, մինչև այն հասնում է սպառողին, կրկնակի անգամ թանկանում է»,- հիշեցրեց նա` շեշտելով, որ ոչ մի տնտեսագիտական հիմնավորում գոյություն չունի, որ 300 կմ տեղափոխման ու բախշման համար կրկնակի անգամ թանկանա: Դա չհիմնավորված վիճակ է  և, ըստ Բոստանջյանի, այդպիսի սակագին ուղղակի լինել չի կարող:

«Անցած տարիներին գազի այս անհամարժեք թանկության մասին շատ է խոսվել. մենք տեսել ենք այդ համակարգի անփաթանցիկ գործունեությունը, ցավոք, արդեն 10 տարի է ՝ Ազգային Ժողովում չենք կարողանում պատասխան ստանալ հարցերին, թե  ինչպե՞ս է տեղի ունենում գնագոյացումը և ի՞նչ բաղկացուցիչներից է կազմված այդ սակագինը: Այն, որ այդ սակագնում ռեզերվներ կան ուղղակի ակնհայտ է, և դա հասկանալու, տեսնելու համար մեծ վերլուծություններ պետք չեն, պարզապես պետք է կամք` մասնագիտական, մարդկային, էլ չեմ ասում քաղաքական, որպեսզի սակագինը դառնա մատչելի Հայաստանի սպառողների: Եվ դա վերաբերում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտներին»,- ասաց նա:

Վարդան Բոստանջյանն ընդգծեց` սա վերաբերում է ոչ միայն գազի սակագնին, այլև էլեկտրաէներգիային: Եվ, շարունակեց նա, հենց այս ամենն է ներառված «համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն» աքսիոմայի տակ.

«Ըստ էության` պետական մեքենան աշխատում է մի ուղղությամբ` հնարավորինս մեծ ճնշում, մեծ կեղեքում իրականացնել սեփական իսկ ժողովրդի նկատմամբ: Ուրիշ բան չկա: Եվ դաշինքի ներկայացրած 15 կետերում ոչ մի ամպագոռգոռ կամ իրականությունից կտրված առաջնահերթություն ներկայացված չէ և անձամբ ես կարող եմ ցանկացածի մասով ցույց տալ այն ռեզերվները, որոնք նկատելիորեն ու էականորեն կիջեցնեն այդ սակագները» ,- ասաց նա:

Տնտեսագետը անդրադարձավ նաև մյուս ցավոտ խնդրին, որ հուզում է հասարակությանը` կարմիր գծերին ու արագաչափերին: «Ծառուկյան» դաշինքը նաև այս խնդիրն է արձանագրել իբրև առաջնահերթություն: Վարդան Բոստանջյանի խոսքով`այսօր ապրում ենք մի իրավիճակում, երբ քիչ է մնում ամեն շքամուտքի առաջ տեսախցիկ տեղադրեն ու ամեն բակում կարմիր գիծ կքաշեն, միայն թե կարողանան էլ ավելի շատ փող տանեն: Եվ այս ամենը չափազանց ակնհայտ է.

«Կրկնում եմ` ոչ մի ամպագոռգոռ բան մենք չենք ամրագրել և յուրաքանչյուրը հիմնված է մեր իրականության վերլուծության վրա: Նույն պետպատվերի օրինակը բերեմ` խոցելի խմբի քաղաքացիները դրանից չեն օգտվում, օգտվում են հարուստները` ծանոթ-բարեկամ խառնելով, իսկ տարին էլ չկիսված հայտարարում են, թե պետպատվերը սպառվել է: Սրանք խնդիրներ են, որ հստակ լուծումներ ունեն և մենք դրանք տեսնում ենք», – շեշտեց տնտեսագետը:

Վերջում Վարդան Բոստանջյանը հավելեց, որ ամբողջ աշխարհում, մինչև անգամ չզարգացած երկրները, նման խնդիրների կտրվածքով գտնվում են շատ ավելի լավ վիճակում, քան Հայաստանի Հանրապետությունը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ` դաշինքն ամրագրել է առաջնահերթ 15 քայլ:

Աննա Հովակիմյան

 

Ելք լրատվական-վերլուծական