Հարկավոր է բարձր նշաձող սահմանել. Դավիթ Տոնոյան

84

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը ԱԻ նախարարին ներկայացրեցին մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:

Երևան քաղաքի փրկարարական վարչության տարածքով շրջայցի ընթացքում նախարար Տոնոյանը զրուցեց անձնակազմի հետ՝ ցուցումներ տալով ընթացիկ աշխատանքների կազմակերպման և բարելավման վերաբերյալ: ԱԻ նախարարը մասնավորապես նշեց, որ հարկ է ուշադրություն դարձնել փրկարարների կողմից առաջին բուժօգնության մատուցման խնդրին՝ փոխառելով միջազգային փորձը:

-Հարկավոր է բարձր նշաձող սահմանել, փրկարարները պետք է համապատասխան ուսուցում և որակավորում անցնեն, որպեսզի առաջին օգնությունից բացի նաև՝ առաջին բուժօգնություն կարողանան ցուցաբերել,-շեշտեց նախարարը:

Քննարկվեցին նաև մայրաքաղաքի վարչության տեխնիկական հագեցվածության հարցերը, նախարար Տոնոյանը ծանոթացավ Փրկարարական վարչության կառավարման կետ հանդիսացող փրկարարական մեքենայի հնարավորություններին, որի տեխնիկական հագեցվածությունը խոշոր արտակարգ իրավիճակների ժամանակ թույլ է տալիս ծառայել որպես կառավարման շտաբ:

Նախարարին զեկուցեցին նաև վարչության տարածքում գործող ՀՀ ԱԻՆ Մշակույթի կենտրոնի գործունեության մասին: Կենտրոնում ուսուցանում է դպրոցական տարիքի շուրջ 60 երեխա: Կենտրոնի սաները նկարչության, պարի և բեմականացումների միջոցով ներկայացնում են տարատեսակ աղետներին դիմակայելու առօրեական մշակույթը: Ուսուցողական ներկայացումները տարվա ընթացքում խաղարկվում են հանրապետության դպրոցներում և մանկատներում:

Կարևորելով աղետներին բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման խնդրում նաև արվեստի բաղադրիչի գործոնը՝ ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց մշակույթի գործիչների հետ համագործակցության ակտիվացման վերաբերյալ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մանկատներում իրականացվող ուսուցողական ծրագրերը:

Ելք լրատվական-վերլուծական