Ամենալավ լուրը ընտրություններից հետո

135

Դեռևս մինչև ընտրությունները երբ հանդիպեցինք պարոն Ծառուկյանի հետ, նա ասաց, որ ուզում է մեր քաղաքի համար որևէ լավ գործ անել, բայց պայմանով, որ որևէ կերպ չկապվի ընտրությունների հետ։ Գիտեք, որ արդեն բազմիցս օգնել է մեր կենտրոնի շահառու ընտանիքներին՝ տրամադրելով թե՛ վառելափայտ, թե՛ սնունդ, թե՛ դրամական օգնություն, նաև բնակարանների ձեռքբերման հարցում է շատ աջակցել։ Ամեն դեպքում, այս անգամ ցանկանում էր ավելի խոշոր նվեր անել քաղաքին, ասաց, որ անօթևան ընտանիքներին կցանկանա նոր բնակարաններ նվիրել։ Երկար մտածեցինք, թե ինչպես անենք ընտրությունը, քանի որ շատ են այդ ընտանիքները, և հենց Ծառուկյանն ինքն առաջարկեց, որ այս անգամ բնակարան ստանան առաջնահերթության կարգով տնակներում բնակվող այն ընտանիքները, որտեղ նոր երեխա պետք է ծնվի։ Կարգախոսի պես մի բան ստացվեց՝ նոր երեխան նոր բնակարանում։ Ու կրկին պայմանը մեկն էր. այս ծրագրի մասին պետք է հայտարարվեր միայն ընտրություններից հետո, որպեսզի չասեին, թե նախընտրական խոստումներ են, ձայներ ստանալու համար է արվում, և այլն։ Սա Ծառուկյանի առաջ քաշած միակ պայմանն էր։ Եվ ահա այսօր հայտնում եմ ընտրություններից հետո ամենաուրախալի լուրը․ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը «Շիրակ կենտրոնի» հետ համագործակցությամբ բազմաթիվ ընտանիքների, որտեղ նոր երեխա պետք է շուտով ծնվի, հատկացնում է նոր, նորոգված, բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ։ Հենց ապրիլի յոթին՝ մայրության օրը, Ծառուկյան ընտանիքի կողմից խոստումը կդառնա իրականություն։ Անհամբեր էինք այս հրաշալի լուրով կիսվել բոլորիդ հետ, ու ահա այդ պահը եկավ։ Շնորհավորում ենք բոլորին նորամուտի առթիվ, շնորհակալություն ենք հայտնում պարոն Ծառուկյանին մեր կենտրոնի, այդ ընտանիքների և ողջ քաղաքի անունից։

«Շիրակ կենտրոն» ՀԿ
05 ապրիլ, 2017 թ.

Ելք լրատվական-վերլուծական