Կտրուկ լարվել են հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ

57

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնեց Մեծ յոթնյակի հանդիպումից հետո, որտեղ չէր հաջողվել գալ ռուսական ու սիրիական ռազմական ուժերի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնության։ Հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հրթիռակոծեցին Սիրիայի այն ռազմաբազան, որն, ըստ մեղադրանքների, իրականացրել էր քիմիական հարձակում, կտրուկ լարվեցին հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ։ Դա արտահայտվեց նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի կողմից Մոսկվա կատարած այցի ընթացքում, նրա սառն ընդունելության ժամանակ։ Այս հանդիպման ժամանակ նրա ռուս պաշտոնակիցը դատապարտեց Սիրիայում Ամերիկայի կողմից իրականացված հրթիռային հարձակումը, այն անվանելով անօրինական։

՝՝Ես չեմ կարող թաքցնել այն փաստը, որ ներկայումս առկա են շատ հարցեր եւ Վաշինգտոնից հնչող հաճախ իրարամերժ գաղափարներ՛՛, հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Լավրովը։ Նա իր դժգոհությունն արտահայտեց նաեւ այն փաստի կապակցությամբ, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի արտգործնախարարությունում դեռեւս կարեւոր մի շարք պաշտոններ են մնում թափուր։

Իր խոսքում Թիլերսոնն ավելի հակիրճ էր։

՝՝Մենք պիտի հստակեցնենք մեր ընդհանուր նպատակներին ու հետաքրքրություններին վերաբերող շրջանակները, եթե նույնիսկ իրարից տարբերվում են մեր մարտավարական մոտեցումները՛՛, ասաց Թիլերսոնը։

Նրա խոսքերով, դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար այդ տարբերությունների պատճառները ու գտնելու համար տարբերությունները վերացնելու ուղիները։

Երկու արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ փոխվստահությունը նվազել է։ Պուտինը մեկ անգամ եւս իր աջակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության նկատմամբ՝ ասելով, թե քիմիական զենքով հարձակումը կարող էր նույնիսկ կեղծված լինել Ասադի թշնամիների կողմից։ Մոսկվան հայտարարել է, թե թունավոր գազ ունեցել են նաեւ Ասադի դեմ գործող ապստամբ ուժերը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, եթե Մոսկվան հրաժարվի Ասադի նկատմամբ իր աջակցությունից, ազատ գործելու հնարավորություն կտա ահաբեկչական խմբավորումներին։

Ե՛վ Մոսկվան ե՛ւ Վաշինգտոնը հայտարարում են, որ իրենց հիմնական թշնամին ՝՝Դաեշ՛՛-ն է՝ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումը։ Սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմում նրանք աջակցում են հակադիր կողմերին, Ռուսաստանը՝ Ասադի կառավարությանը, Միացյալ Նահանգները՝ Ասադի դեմ պայքարող ապստամբ ուժերին։

Պուտինը կոչ է արել, որ ՄԱԿ-ն իրականացնի Սիրիայում քիմիական հարձակման ուսումնասիրությունները։ Նրա խոսքերով, Ռուսաստանն ունի հետախուզական տվյալներ այն մասին, որ ներկայումս էլ այստեղ նախապատրաստվում են սադրիչ գործողություններ քիմիական զենքերով, որպեսզի ամբողջ մեղքը նորից ընկնի Սիրիայի կառավարության վրա։

Իր հերթին ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնն իր ձեռքի տակ ունի, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներն են ասում, լուրջ փաստեր այն մասին, որ մինչեւ քիմիական հարձակումները, Ռուսաստանն այդ մասին եղել է տեղեկացված։

Թիլերսոնն ասել է, թե պատրաստ է փոխանակել գաղտնի տեղեկություններ, որպեսզի երկու երկներն ունենան միմյանց միջեւ տարբերությունները նվազեցնելու հնարավորություն։ Սակայն ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Ասադը Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ռազմական գլխավոր դաշնակիցն է, եւ Թիլերսոնը թող մեծ հույսեր չունենա, որ կկարողանա թուլացնել Ասադի նկատմամբ Մոսկվայի աջակցությունը։

Իսկ Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում գրանցվել է ավելի քան 4ՕՕ հազար զոհ, շարունակում է խլել մարդկային կյանքեր։

Ելք լրատվական-վերլուծական