Հայաստանը մասնակցել է Բոլոնիայի մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառին

27

Ս. թ. ապրիլի 3-7-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում հերթական անգամ անցկացվել է մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Այս հեղինակավոր հարթակին Հայաստանը մասնակցում էր առանձին տաղավարով: ՀՀ մշակույթի նախարարության գլխավորած պատվիրակության կազմում էին` «Զանգակ-97», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «GSM» ստուդիան, Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:

Հայկական տաղավարում ներկայացված էր վերջին երկու տարիների ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և հրատարակչությունների մասնավոր նախաձեռնություններով լույսընծայված մանկապատանեկան շուրջ 200 գիրք:

Մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, ապրիլի 4-ին Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի՝ IBBY-ի տաղավարում տեղի է ունեցել «IBBY Հայաստան» ազգային կոմիտեի հրատարակած «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում գրքի ստեղծման մանրամասները ներկայացրել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Ժողովածուում ներառված «Վասիլը» պատմվածքի մասին խոսել և ներկաների հարցերին է պատասխանել ստեղծագործության հեղինակ Ալլա Սերոբյանը: Նա նշել է, որ «Վասիլը» պատմվածքը ստեղծվել է Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBBY/ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի համագործակցության արդյունքում, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին` IBBY-ի գլխավոր տնօրեն Լիզ Փեյջին և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին` հրաշալի նախագծի իրականացման համար: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաև «IBBY Հայաստանի» գործունեության մասին պատմող հոլովակ:

Ի դեպ, IBBY-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն անդամակցում է 2012 թվականից, և արդեն 5 տարի Հայաստանում գործունեություն է ծավալում «IBBY Հայաստան» ազգային կոմիտեն: Միջազգային հեղինակավոր այս կազմակերպության հետ համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից է նաև «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» ծրագիրը: Եռամյա ծրագրի շրջանակում ոլորտում հայտնի եվրոպացի հայտնի մասնագետներն անցկացրել են վարպետության դասեր գրողների, նկարազարդողների և թարգմանիչների համար, ինչի արդյունքում հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է «7 գույն» պատմվածքների ժողովածուն:

«IBBY Հայաստանը» մանկագիրների Անդերսենի անվան մրցանակի այս տարի ներկայացրել է Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը: 77 երկրի ներկայացուցիչներից մրցանակային փուլ անցել են 33 գրող, այդ թվում՝ Է. Միլիտոնյանը: Հաղթողները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն՝ IBBY-ին, որին անդամակցում է շուրջ 77 երկիր, Անդերսենի անվան մրցանակ է շնորհում աշխարհի լավագույն մանկագիրներին և նկարազարդողներին: Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը գրականության ասպարեզում զգալի ներդրումների համար տրվում է երկու տարին մեկ անգամ: Այն մանկագիրների և նկարազարդողների համար միջազգային ամենահեղինակավոր մրցանակն է:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության կայքը:

Ելք լրատվական-վերլուծական