Ա. Ստեփանյան. Վրաստանի օրակարգում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարց չկա, նախաձեռնությունը դարձյալ կտապալվի

52
Ինչպես ավելի վաղ ELQ-ը տեղեկացրել էր, արդեն 12-րդ անգամ Վրաստանի հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի խորհրդարանին,նախագահին և վարչապետին ՝ պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի  Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: ELQ-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ այս նախաձեռնությունը կարժանանա նույն ճակատագրին, ինչ նախորդները, քանի որ Վրաստանի քաղաքական օրակարգում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարց դրված չէ՝ աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով.
«Ես կարծում եմ, որ սա ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, որովհետև անգամ նախաձեռնության հեղինակները շատ լավ գիտակցում են, որ Վրաստանի ՝ Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու դիրքորոշումը ուժի մեջ է առ այսօր: Այնպես որ սա ավելի շատ Հայոց Ցեղասպանության զոհերի հարգանքի տուրք է, քան դրական ելքի ակնկալիքով միջոցառում»,- նշեց նա:
Առնոլդ Ստեփանյանը հիշեցրեց այն ահռելի կախվածությունը, որ ունի Վրաստանը թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, հետևաբար Վրաստանի համար առաջնային է իր շահերը հետապնդելը, նոր հարևանների հետ լավ հարևանություն անելը: Եվ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկում պաշտոնական Թբիլիսիի օրակարգում չի լինի.
«Ավելին՝ ես համոզված եմ, որ Վրաստանը Հայոց Ցեղասպանությունը չի ճանաչի, քանի դա չի արել այն իրականացնող պետությունը՝ Թուրքիան: Բայց միակողմանի հարցին պետք չէ մոտենալ, Հայաստանը ևս պետք է ակտիվություն ցուցաբերի հայ-վրացական հարաբերություններում, քանզի երկու երկրների համագործակցության ներուժն իրականում ավելի մեծ է, քան կա ներկայում: Եվ մենք շատ անգամներ ենք մատնանշել այդ անհրաժեշտությունը, սակայն ոչինչ չի փոխվել»,– ընդգծեց նա:
«Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում ու հենց Վրաստանում ՝ սպասել, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի սխալ է: Պարզապես ընդունենք այն իբրև հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերին»,- հավելեց վրաց քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ անցած տարի ևս Վրաստանի խորհրդարանում քննարկումներ ծավալվեցին, որոնք որևէ արդյունք չտվեցին:
Նշենք, դիմումը ստորագրել են Վրաստանի Հայ Համայնքը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսավորչական Կենտրոնը, Պ.Ադամյանի անվան Թբիլիսիիպետական Հայկական դրամատիկական Թատրոնը, «Վրաստան» թերթ՝ Վիրահայերի Միությունը, «Խաղախության հիմնադրամը», Սամվել Պետրոսյանը, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը, Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնը եւ այլ:

Աննա Հովակիմյան

Ելք լրատվական-վերլուծական