Զրպարտությունը ենթադրում է սուտ

95

Հարցազրույց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոննիսյանի հետ:

– Սկանդալային ձայնագրությունների հրապարակումից հետո Ձեր դեմ դատական հայց է ներկայացվել: Ի վերջո, ո՞րն է պահանջը, ինչո՞ւմ են ձեզ մեղադրում:
– Բոլոր հայցերի հիմնական պահանջը մեկն է` հերքել զրպարտությունը եւ որպես ոչ նյութական վնասի հատուցում` վճարել 2-ական միլիոն դրամ, գումարած դատական ծախսերը` ընդհանուրը մոտ 65 մլն դրամ:
-Իսկ ի՞նչը պետք է հերքեք, ինչո՞ւմ եք զրպարտել այդ տնօրներին:
– Երեւի պետք է հերքենք այն, ինչ իրենք մեզ ասել են հեռախոսազրույցներում: Բայց այս դեպքում, համաձայնվեք, իրավիճակն, իրոք, սյուրռեալիզմի ժանրից է:
Զրպարտության անբաժանելի մաս է կազմում սուտը: Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ զրպարտությունը պետք է լինի իրականությանը չհամապատասխանող եւ անձի բարի համբավն արատավորող վարկաբեկիչ տեղեկատվություն: Այսինքն` առաջին հերթին պետք է այդ տեղեկատվությունը լինի սուտ, որ համարվի զրպարտություն: Իսկ եթե սուտ չէ, ապա կարող է լինել ամեն ինչ, բայց ոչ զրպարտություն: Մենք սուտ չենք ասել, որեւէ մեկի մասին սուտ բան չենք գրել հետեւաբար` մենք չենք զրպարտել, ուստի անիմաստ է քննարկել մնացածը, եւ որեւէ մեկին ոչ միայն 65 մլն դրամ, այլեւ`65 լումա անգամ չենք վճարելու:
– Աշոտյանն ասել էր, թե իրենք ձեզանից վրեժ լուծելու միտում չունեն, պարզապես ինչպես քաղհասարակությունն է իր գործընկերոջը սատարում, այնպես էլ իրենք կուսակից ընկերներին են սատարում:
– Եթե ես ինչ-որ հակաիրավական բան արած լինեի, քաղհասարակությունն ինձ չէր սատարի: Քաղհասարակությունը սատարում է մեր թիմին, որովհետեւ մենք իշխանությունների կողմից մեր հրապարակման համար թիրախավորվել ենք, իշխանությունն ուզում է մեր միջոցով «դրվածք ստեղծել»:
– Հիմա ո՞վ պետք է պատասխանատվություն կրեր բացահայտումներից հետո:
– Մենք միամիտ չենք եւ չէինք սպասում, որ դատախազությունը սկսի պարզել, թե ո՞վ է դպրոցների այդ 114 տնօրեններին ինչ-որ բան հրահանգավորել, որտեղի՞ց է սա կազմակերպված: Եվ հետո, ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ կրկնեմ. հարցը այդ 114 տնօրենները չեն: Պարզապես նրանք մեր ձեռքի տակ ընկան, մենք պատահականության սկզբունքով զանգահարել էինք տնօրենների, եւ 136-ից այս 114-ը խոստովանեցին ՀՀԿ-ի համար աշխատելը: Այստեղ հարցը ՀՀԿ օգտին վարչական ռեսուրսի գործածումն է, ընդհանուր մթնոլորտն է: Մենք առաջին հերթին դա ենք փորձել ի ցույց դնել:

ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Ելք լրատվական-վերլուծական