Թուրքիայի 167140 ընտրատեղամասերում Հանրաքվեին կքվեարկի 55,3 միլիոն քաղաքացի

capture.thumb14

Թուրքիայում սկսվել է կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առաջին ընտրատեղամասերը 32 արևելյան շրջաններում բացվել են տեղի ժամանակով ժամը 7:00-ին, իսկ ժամը 08:00-ին քվեարկությունը սկսվել է 49 կենտրոնական և արևմտյան շրջաններում: Հանրաքվեին 167140 ընտրատեղամասերում կքվեարկի Թուրքիայի 55,3 միլիոն քաղաքացի: Բացի այդ կալանավայրերում կբացվի ևս 461 ընտրատեղամաս: Երկրից դուրս ապրող Թուրքիայի քաղաքացիներն արդեն քվեարկել են: Նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխություններն ավելի վաղ հավանության է արժանացրել Թուրքիայի խորհրդարանը և ստորագրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել փոփոխությունների նախագծի դեմ՝ հայտարարելով, որ դա կբերի նախագահի իշխանության ամրապնդմանն առանց որևէ վերահսկողության: Փոփոխությունների ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Կվերացվի վարչապետի պաշտոնը: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համապատասխան: Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան նույն օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:

 

Ելք լրատվական-վերլուծական