Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահը ԾԻԳ-երը կրճատելո՞վ է 110 հազար դոլարանոց մեքենա վարում

84
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գրեթե ամեն օր հայտարարում է ծախսերի կրճատման, պետական համակարգի օպտիմալացման և գոտիները ձգելու մասին, մեր չինովնիկները շարունակում են իրենց չզրկել ճոխ վայելքներից ու նյութական շքեղություններից: ELQ-ին ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը բոլորովին վերջերս է ձեռք բերել շքեղ, վերջին սերնդի Toyota ամենագնացը, որի շուկայական արժեքը նվազագույնը 110 հազար ԱՄՆ դոլար է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետերին նախկինում սպասարկում էր Lexus GX-ը, որը նախկին պետերի՝ Վահե Հակոբյանի, Արամ Հարությունյանի օրոք չի փոխվել, թեև երկուսն էլ կարող էին իրենց թույլ տալ այդ շռայլությունը՝ հաշվի առնելով իրենց հայտարարարգրերում ամրագրված կարողությունը: Բայց, ահա եկավ Արսեն Հարությունյանը, որը համարվում է ԿարենԿարապետյանի թիմի մարդ ու որոշեց, որ իրեն պետք է սպասարկի թանկարժեք այս ավտոմեքենան: Ի դեպ, Հայաստանում միայն մի քանիսն իրենց ավտոպարկում ունեն այս Toyota ամենագնացը:
Իհարկե, սպասելի է, որ կոմիտեից կփորձեն հերքել այս լուրը կամ ասել, թե այդ մեքենան իր անձնականն է, բայց այս դեպքում ևս տարակուսանք է առաջ գալիս՝ երկրի ծանր-սոցիալական վիճակը անդրադառնում է բոլորի վրա, բացի մեր պաշտոնյաներից, ում ունեցվածքը երկրաչափական պրոգռեսիայով օր օրի ավելանում է, մինչ ժողովուրդը թաղվում է աղքատության մեջ:
Որպեսզի ավելի պարզ պատկեր ձևավորվի, նշենք, որ այս ավտոմեքենան «խմում է» 25 լիտր բենզին 100 կմ համար, ու դժվար է պատկերացնել, որ նման շքեղ ավտոմեքենա ունեցողը դրա շարժիչը գազով է աշխատեցնում: Մնում է հուսալ, որ հարկատուների գումարներով չէ, որ այդ մեքենան լիցքավորվում է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ՋՏՊԿ-ն հայտարարեց, որ իր ենթակայության ներքո գործող 4 ԾԻԳ-եր դադարեցնում են իրենց գործունեությունը օպտիմալացման շրջանակում: Դրա արդյունքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն էական գումարներ տնտեսեց:

Աննա Հովակիմյան

Ելք լրատվական-վերլուծական