«Համահայկական նվագախմբի» անդրանիկ ելույթը՝ ապրիլի 24-ին

135

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականություն դարձավ «Համահայկական նվագախումբ» նախագիծը, որի նպատակը հայերի միասնականության ամրապնդումն է, մասնավորաբար, մշակութային դաշտում:
Նախագիծը կհամախմբի Հայաստանում և աշխարհի այլ երկրներում ապրող ու ստեղծագործող, դասական երաժշտության ասպարեզում հաջողությունների հասած հայ պրոֆեսիոնալ երաժիշտներին:
Այս տարի նախագծին կմասնակցեն աշխարհի 20 երկրից շուրջ 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ:
Համահայկական նվագախմբի հետ հանդես կգան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հայ մենակատարներ՝ Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև կրտսեր սերնդի տաղանդաշատ երաժիշտներ Դիանա Ադամյանը և Դանիել Մելքոնյանը: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի (գեղ. ղեկավար Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) երգչախմբերը:
Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան:
Ս. թ. ապրիլի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա նվագախմբի անդրանիկ ելույթը, որով, բացի այն, որ կոգեկոչվի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը, մեկ անգամ ևս կվերագնահատվեն ու կարժևորվեն մեր պետության անկախությունը և ձեռք բերված հաղթանակները:
Համահայկական նվագախմբի տարբերանշանը փյունիկ թռչունն է՝ Հ-աձև պատկերմամբ: «Հ» տառը «Համահայկական» բառի խտացումն է, իսկ փյունիկը խորհրդանշում է դժվարագույն պատմական ուղի անցած ժողովրդի վերածնունդը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Ելք լրատվական-վերլուծական