Հայաստանի հերթական շանսը

6

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ավարտեց իր այցը Աբխազիա, որտեղ նա անդրադարձավ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապի վերականգնմանը: Լավրովը հայտարարել է, որ կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվի: Լավրովը ընդգծել է, որ տրանզիտի վերականգնումը կապված է նաև այլ երկրներից ՝ նկատի ունենալով Վրաստանը:

Հայ-ռուսական երկաթուղին դադարեց գործել 1992թ, թեև այն սկսեցին պայթեցնել դեռևս 1989թ. սկսած: Աբխազա-վրացական պատերազմը և չկարգավորված հարաբերությունները առերևույթ անհնար էին դարձնում երկաթուղու վերականգնումը, մանավանդ, որ պատերազմի հետևանքով երկաթուղու որոշ հատվածներ դարձել էին շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի: Չնայած դրան ՝ Հայաստանի իշխանությունները 25 տարի շարունակ փորձել են ուղիներ փնտրել երկաթուղու վերագործարկման համար, քանի որ այն հնարավորություն կտար Հայաստանին էժան և անխափան երկաթուղային կապ ունենալ իր հիմնական առևտրային և ռազմաքաղական գործընկեր Ռուսաստանի հետ:

Սակայն, եթե սկզբում երկաթուղու վերագործարկումը զուտ տեխնիկական խնդիր էր, ապա հետագայում Ադրբեջանը դրա փակ մնալը վերածեց քաղաքականի, համարելով, որ դրանով կյանքի է կոչում Հայաստանը շրջափակելու և տնտեսապես թուլացնելու իր քաղաքականությունը: Երկաթուղու վերագործարկումը թույլ չտալու համար Ադրբեջանը հարևան Վրաստանի համար սահմանել է որոշակի տնտեսական արտոնություններ, այդ թվում ՝ Վրաստան մատակարարվող գազի գնի զգալի զեղջը: Փաստացի ՝ Ադրբեջանը տարեկան միլիոնավոր դոլարներ է նվիրում Վրաստանին ՝  երկաթուղին փակ պահելու և Հայաստանին վնասելու համար: Վրաստանը կարող է հրաժարվել Հայաստանի շրջափակման քաղաքականությունից, եթե վստահ լինի, որ դրա դիմաց կստանա ավելին, քան ՝ ստանում է Ադրբեջանից: Իսկ այդպիսի հնարավորության ստեղծումը իրական է դառնում:

Այն նույն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը Սոխումում հանդիպում էր Աբխազիայի ղեկավարության հետ և քննարկում հայ-ռուսական երկաթուղու վերագործարկման հարցը, Վրաստանում էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Վերջինս վրացական կողմին է ներկայացրել Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքների շահագործման նախագիծը, ընդգծելով, որ դա հնարավոր է միայն Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության դեպքում:

Իրանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ այդ միջանցքի շահագործումը հնարավոր է նաև Հայաստանը շրջանցելու միջոցով ՝ Իրան, Ադրբեջան, Վրաստան երկաթուղային միջանցք ստեղծելու միջոցով: Սակայն, ի տարբերություն Թուրքիայի, որը մասնակցում է Հայաստանի շրջափակման ադրբեջանական նախագծին, Իրանն ընդհակառակը, փորձում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից ՝ մասնակից դարձնելով տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին:

Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը ընդհանուր նախագծի անհնար է առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Եվ շատ հնարավոր է, որ Իրանն ու Ռուսաստանը, ներկայացնելով նման տարածաշրջանային նախագծեր, փորձում են Հայաստանին և Ադրբեջանին հավելյալ փաստարկներ ներկայացնել խնդրի կարգավորման անհրաժեշտության շուրջ: Ի վերջո թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում կարող են հեշտությամբ հաշվել, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորում այդ երկրերին ու նրանց ժողովուրդներին անհամեմատ ավելի մեծ զարգացում և առաջընթաց կապահովի, քան այն ևս մի քանի տասնամյակ պատերազմական վիճակում պահելը:

Ալբերտ Հակոբյան

Ելք լրատվական-վերլուծական