Երբ հանցագործը չի զղջում, պատիժն էլ` ուշանում. Կողմնակալություն, թե՞ զուտ դատական քաշքշուկ

37

Ծեծկռտուքով ավարտվոող հարսանիքների մասին ֆիլմերը մեծ տարածում ունեն մեզանում ու հիմնականում հումորային ժանրին են պատկանում: Սակայն իրական կյանքում դա ամենևին էլ ծիծաղալու չէ ու երբեմն նաև տարիներով ձգձգվող դատական քաշքշուկների առիթ է դառնում՝ հարսանիքը խաթարվում է, մարդիկ հայտնվում են հիվանդանոցում, որտեղ կյանքի ու մահի կռիվ են տալիս, կրում նյութական մեծ վնասներ, իսկ հանցագործները շարունակում են մնալ ազատության մեջ ու օգտվել դատական համակարգի սողանցքներից՝ անվերջ ձգձգելով գործընթացը: Այն դեպքը, որ ներկայացնում ենք ստորև, հենց այդ շարքին է պատկանում ու հարց առաջացնում ՝ արդյոք արդարությունը կհաղթանակի ու դանակահարած անձը, որը հետո չի էլ զղջացել այդ արարքի համար, կկրի համարժեք պատիժ, թե ոչ:

2015թ. օգոստոսի 15-ին եղբոր հարսանյաց հանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանում Ա.Իսաջանյանը և վերջինիս աներորդի, ՌԴ քաղաքացի Ա. Շուաևը: Հարսանիքից երկու օր առաջ Ա.Իսաջանյանը ավտովարձույթով զբաղվող Ա.Պողոսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում վարձակալել ԲՄՎ X5 մակնիշի Տոյոտա Պռադո մակնիշի ավտոմեքենաներ, որից մեկը հարսանիքի օրը պետք է վարեր Ա.Իսաջանյանը, իսկ Տոյոտան՝ Ա.Շուաևը: Օգոստոսի 15-ին ժամը 19:00-ին մեքենաները «Կովկաս» համալիրից Ա.Պողոսյանը պետք է հետ տաներ: Սակայն կեսօրին Ա.Իսաջանյանը նկատել է, որ ավտոմեքենայի օդորակիչը խափանված է, անմիջապես զանգահարել է Ա.Պողոսյանին, հայտնել այդ մասին ու պարզաբանումներ պահանջել՝ այդ մասին նախօրոք չզգուշացնելու համար, որի պատճառով վերջիններիս միջև տեղի է ունեցել տհաճ խոսակցություն, որից հետո, Ա.Պողոսյանը հայտնել է, որ այդ մասին կխոսեն մեքենաները վերցնելու ժամանակ: Ա.Շուաևի վարած ավտոմեքենան հետ վերցնելու, ինչպես նաև Պողոսյանի և Իսաջանյանի միջև տեղի ունեցած տհաճ հեռախոսազրույցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, ժամը 19:00-ի

սահմաններում եղբայրներ Ա., Կ. և Ա. Պողոսյաննները, ինչպես նաև վերջիններիս ընկերներ՝ Ա.Տեր-Ղազարյանը և Ռ.Մանուկյանը «Կովկաս»-ի ավտոկայանատեղիում հանդիպել են Իսաջանյանին ու Շուաևին, որից հետո պարզաբանումների արդյունքում ծեծի են ենթարկել նրանց: Ա.Պողոսյանը նաև բռունցքով հարվածել է Իսաջանյանի քթին, դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս, իսկ Ա.Պողոսյանը իր մոտ եղած դանակով, հարվածել է Շուաևի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս ամենից հետո նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի` առանց տուժողներին որևէ օգնություն ցուցաբերելու ու խաթարելով ամբողջ հարսանյաց հանդեսը:

Ա.Պողոսյանն առաջադրված մեղադրանքում նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ամբաստանյալները մինչ օրս ներողություն չեն խնդրել տուժողներից, չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել հանցագործությամբ պատճառված վնասը: Հունվարին կայացած դատական նիստի ժամանակ դատավորի հարցին՝ գեթ մեկ անգամ զանգահարե՞լ են, հետաքրքրվե՞լ, թե ինչպես կարող են օգնել կամ փոխհատուցել հիվանդանոցային ծախսերը, եղբայրները խոստովանեցին, որ նման քայլ իրենց կողմից չի կատարվել: Մինչդեռ տուժողները, որ մի քանի օրով էին ժամանել Հայաստան, ստիպված եղան երկար ժամանակ գտնվել ՀՀ-ում՝ անցկացնելով ողջ ժամանակը հիվանդանոցներում և իրավապահ մարմիններում: Հանցագործության հետևանքով վերջիններս կրել են նյութական և բարոյական վնասներ, սակայն այս հանգամանքը դատարանների կողմից հետազոտության առարկա չի դարձվել, ինչ էլ հանգեցրել է նրան, որ դատարանը ամբաստանյալների նկատմամբ նշանակի արարքին չհամապատասխանող ակնհայտ մեղմ պատիժ:

Դեպքից հետո Ա.Պողոսյանը թաքնվել է նախաքննության մարմնից և միայն օգոստոսի 27-ին է ներկայացել նախաքննության մարմին: Կատարվածը և դանակահարությունը փորձ է արվել ներկայացնել որպես պաշտպանություն, սակայն դատարանը հանգել է այն եզրակացության, որ Ա.Պողոսյանի այդ ցուցմունքներն անհիմն են և անարժանահավատ և

նպատակ են հետապնդել իր կողմից ուղղակի դիտավորությամբ Շուաևին ծանր մարմնական վնասվածք հասցնելու հանցավոր արարքը տանել դեպի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված հանցավոր արարքի, ինչի դեպքում այլ քրգործի մասին է խոսքը: 2016 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Յ.Բաղդասարյանի, կայացրել է դատավճիռ, համաձայն որի՝ Ա.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և նշանակվել է պատիժ ՝ ազատազրկում 4.6 տարի ժամկետով: Նրա եղբայրը՝ Ա.Պողոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և նշանակվել է պատիժ՝ տուգանք ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 դրամ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտը այդ մասով Իսաջանյանի փաստաբան Գայանե Գրիգորյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: ELQ-ի հետ զրույցում նա ասաց, որ Վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ վճռաբեկ բողոք է ներկայացվել նաև պաշտպանի կողմից: Սակայն, մինչ օրս դատավարության մասնակիցները որևէ տեղեկություն չունեն ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մասին:

«Հարկ եմ համարում անդրադառնալ այն հանգամանքին, որ դատարանի կողմից հաշվի չի առնվել և պատշաճ գնահատման չի արժանացել նաև ամբաստանյալներ Ա. և Ա.Պողոսյանների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հետևյալ հանգամանքը՝ «հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը», որը հաստատվել է քրգործով ձեռք բերված, այնուհետև դատարանում հետազոտված և գնահատված ապացույցներով և արձանագրվել նաև դատարանի կողմից։ Մինչդեռ, դատարանը անտեսել է այդ, պատիժ նշանակելու հարցում էական նշանակություն ունեցող, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը։ Քրգործով ապացուցվել է, որ ծեծկռտուքը սկսվել է հենց Պողոսյանների պահվածքի և սադրիչ գործողությունների

արդյունքում, միևնույն ժամանակ վերջիններիս նպատակը եղել է Իսաջանյանից վրեժխնդիր լինելը միայն այն պատճառվ, որ վերջինս, իրավաչափորեն բողոքել է իրեն պայմանավորված գումարի դիմաց այդ պատասխանատու օրը, երբ ինքը հանդիսացել է նորապսակների Կնքահայրը և միաժամանակ փեսացուի հարազատ եղբայրը, անսարք ավտոմեքենա տրամադրելու համար։ Հանցագործներին նույնիսկ չի սթափեցրել և կանխել այն հանգամանքը, որ տուժողները խնդրել են այդ պահին, այդ վայրում, հարսանեկան հանդեսի օրը և հարսանյաց սրահի մոտ դադարեցնել պարզաբանումները, քանի որ դրա օրը չէր: Խնդրել են պարզաբանումները տեղափոխել այլ օր, սակայն՝ ապարդյուն»,- ասաց փաստաբանը:

Նա նաև նշեց, որ գտնում է, որ դատական ակտը արդարացի չէ և ենթակա է բեկանման, քանի որ դատարանը չտարանջատելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, դրանք արձանագրել է մեկ ընդհանրության մեջ, այնինչ նշվածներում առկա է միայն մեկ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը), որն էլ վերաբերվում է միայն Ա.Պողոսյանին, իսկ մյուսները հանդիսանում են միմիայն անձը բնութագրող տվյալներ։

«Մինչ օրս Ա.Պողոսյանը չի զղջացել իր կատարածի համար, նույնիսկ իրեն մեղավոր չի ճանաչում, մինչդեռ, նրա և Ա.Պողոսյանի գործողությունների արդյունքում ծանր հետևանքներ են առաջացել տուժողների համար, որոնց, բացի ֆիզիկական վնասից պատճառվել է նաև բարոյական և նյութական վնաս։ Կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս ստանալուց հետո ՌԴ քաղաքացի Շուաևը երկարատև բուժումներ է ստացել բուժհաստատությունում, որի ծախսերը ամբողջությամբ հոգացել են վերջինս և նրա ընտանիքի անդամները։ Նույն իրավիճակում է հայտնվել նաև Ա.Իսաջանյանը, մինչդեռ Պողոսյանները որևէ կերպ չեն հատուցել վերը նշված ծախսերի գոնե չնչին մասը և ընդհանրապես չեն էլ հետաքրքրվել իրենց հանցավոր

գործողությունների արդյունքում տուժած՝ ֆիզիկական, բարոյական և նյութական վնաս կրած անձանց առողջական վիճակով՝ դրանով իսկ ի ցույց դնելով իրենց անձնական որակները և հանրության համար վտանգավոր դիրքորոշումները, որոնք ամբողջությամբ հերքում են այն շինծու և իրականությունից զուրկ բնութագրերը, որոնք դատարանը նշել է որպես անձը բնութագրող տվյալներ և հիմնվելով դրանց վրա՝ նշանակել է հանցանքների ծանրությանը և հանցավորների անձնավորություններին չհամապատասխանող պատիժ»,- ասաց մեր զրուցակիցը։ Գայանե Գրիգորյանը պնդեց՝ պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր էր ղեկավարվել օրինականության, արդարության, պատժի անհատականացման և մարդասիրության սկզբունքներով։

«Համոզված եմ, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես պատիժ 4.6 տարի ժամկետով ազատազրկում նշանակելը, իսկ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես պատիժ 100 հազար ՀՀ դրամ տուգանք նշանակելը չի կարող հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահանջների կատարմանը։ Արդարացի չէ նաև Ա.Պողոսյանին դատապարտել 4.6 տարվա ազատազրկման այն դեպքում, երբ այդ անձը նկարագրված դեպքի ժամանակ ակնհայտ ակտիվ պահվածք է դրսևորել տուժողների նկատմամբ՝ Շուաևի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ Ինչպես նաև արդարացի չէ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել հարյուր հազար ՀՀ դրամ տուգանք, երբ վերջինս ակնհայտ ակտիվ մասնակցություն է դրսևորել տուժողների նկատմամբ և բռունցքով դիտավորությամբ հարվածելով Իսաջանյանի քթին՝ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս, որից հետո հանցագործները երկուսն էլ դեպքի վայրից դիմել են փախուստի՝ տուժողներին չցուցաբերելով օգնություն և մինչ օրս չեն հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը»:

Այս ամենից հետո Իսաջանյանը և նրա փաստաբանը մտավախություն ունեն, որ հնարավոր է կողմնակալ վերաբերմունք դրսևորվի, քանզի մինչ օրս էլ նշանակված

պատիժը, ըստ նրանց, մեղմ է: Փաստաբանի խոսքով՝ ինքը նաև մտավախություն ունի, որ վճռաբեկ բողոքները ընդհանրապես կարող են վերադարձվել կամ դրանց վարույթները կարող են մերժվել, որովհետև ներկայումս Վճռաբեկ դատարանը շաբլոնային ձևաթղթերի վրա կայացնում է որոշումներ, ու բացառիկ դեպքերում է վարույթ ընդունում առհասարակ. «Այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք ընթացքից: Բայց պնդում ենք, որ նշանակված պատիժը ակնհայտ մեղմ է և հույս ունենք, որ արդարացի որոշում կկայացվի այս գործով»,- հավելեց փաստաբանը:

Նշենք, որ եթե ոչ տուժողների, ոչ ամբաստանյալների կողմից ներկայացված բողոքները Վճռաբեկի կողմից չընդունվեն, իսկ Պողոսյան եղբայրները անհիմն չփորձեն ձգձգել գործընթացը, ինչն ակնհայտ արվում է մինչ օրս, ապա պատիժը կմտնի ուժի մեջ: Իսկ մինչ այդ Պողոսյան եղբայրները գտնվում են ազատության մեջ:

Ելք լրատվական-վերլուծական