Իրավապաշտպան. Անգամ նման ցանկության համար պետք է միամիտ լինել

7

«Դա տարածված երևույթ է, այնպես չէ, որ միայն դպրոցի տնօրեններն են դրանով զբաղվել: Այդպես եղել է միշտ, ոչ միայն այս ընտրությունների ընթացքում: Մշտապես հայաստանյան իշխանությունները դիմել են այդ քայլին իրենց վերարտադրումն ավելի հեշտացնելու և ապահովելու համար: Ամեն տեղ էլ նրանք աշխատակիցներին պարտադրել են քվեարկել գործող իշխանության օգտին: Դա ինձ բոլորովին չի զարմացնում, և այստեղ իրավապաշտպանը չէ, որ պետք է խոսի, այլ ՝ իրավապահ մարմինները, եթե, իրոք, նրանք իրավապահ մարմիններ են, եթե իրենց կոչումին հավատարիմ են, ապա պետք է հետամուտ լինեն»,-Elq.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ` անդրադառնալով «ՍԱՍ» ընկերությունում կայացած հայտնի նախընտրական ժողովին, որի ձայնագրությունը տարածվեց ընտրություններից հետո:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հիմա նաև այս ձայնագրություններն են կցել այդ գործընթացին:

«Հաշվի առնելով հայաստանյան փորձը, իհարկե, կընդունվի կամ կհայտարարվի, որ Հայաստանում ընտրությունները կայացել են, և եղած խախտումները որևէ էական ազդեցություն ընտրությունների արդյունքի վրա չէին կարող ունենալ, դա է լինելու, որովհետև սա Հայաստանն է և վերջ: Ակնկալել, որ որևէ դատական ատյանում արդար վճիռ կլինի, իշխանության կամ իշխանավորի կամքը քննության կառնվի կամ նրանց կամքին հակառակ վճիռ կկայացվի, պետք է միամիտ լինել անգամ նման ցանկությունների համար»,- ասում է մեր զրուցակիցը ` հավելելով, որ նման ձայնագրությունների հրապարակումները նշանակություն կունենան ոչ թե դատարանի համար, այլ մեր հանրության և աշխարհի համար:

Տաթեւիկ Վարդանյան

Ելք լրատվական-վերլուծական