Գյուղնախարարությունը կարող է սուբսիդավորմամբ նվազեցնել գյուղացիների համար վարկերի տոկոսադրույքը

33

Գյուղնախարարությունը կարող է սուբսիդավորմամբ նվազեցնել գյուղացիների համար վարկերի տոկոսադրույքը:

Գյուղնախարարությունից  հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ապրիլի 20-ին այս խնդիրը քննարկել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ:

«Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ  մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր  նպատակին եւ չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը եւ կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները եւ վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Մասնավորապես նախատեսվում է   ուսումնասիրել  սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում  էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը եւ բարձրացնել  տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ եւ նպատակային ծախսվեն եւ ուղղվեն  բացառապես ոլորտի զարգացմանը:  Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարեւորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:

Նշենք, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:

Ելք լրատվական-վերլուծական