Անորոշությունը շարունակվում է

80
Խորհրդարանական ընտրություններից անցել է երկու շաբաթ, վաղուց հայտնի է՝ քաղաքական ուժերից որը քանի մանդատ է ստացել, բայց ՀՀԿ ներսում դեռ խուլ անորոշությունէ. թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը պարզապես չգիտի՝ ինքը կդառնա պատգամավոր, թե կուսակցությունը կստիպի ինքնաբացարկի դիմում ներկայացնել՝փոխարենը տալով որեւէ պաշտոն կամ ուղարկելով «թոշակի»: Այս իրավիճակն ավելի է թեժանում մեկ այլ իրողության համատեքստում. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է ՍԴ՝բողոքարկելով ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ այս ամենի հետեւանքով հետաձգվում է պագամավորների մանդատների հանձնման արարողությունը: Մինչ այդ, այս օրերին ներկուսակցական «ռազբորկաներ» են սկսվել, թե թեկնածուներից ով քանի ձայն էր խոստանում, կուսակցական գանձարանից ով` որքան գումար ստացավ եւ քանի ձայն բերեց, ինչու այս կամ այն ընտրատարածքում բավարար քվե չապահովեցին: Ու քանի որ ՀՀԿ-ում մանդատացավով են տառապում, սկսվել է կուսակցական վերնախավի մոտ միմյանց «փչացնելու» գործընթացը. թեկնածուները պարզապես փորձում են սեւացնել պոտենցիալ հակառակորդներին՝ նրանց խաղից դուրս հանելու եւ իրենց տեղն ավելիամրապնդելու համար: Մեզ հասած տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում այն մարդկանց միջեւ, ովքեր ներքուստ համոզված են, որ դառնալու են պատգամավոր ու արդեն մտածում են խորհրդարանական մշտական հանձնաժողովները կամ միջազգային խորհրդարանական պատվիրակությունները գլխավորելու մասին. նաեւ այդ տեղերի համար է պայքար սկսվել: Կարճ ասած, իշխանական վերնախավը ներքին քննարկումներում փայլում է իր ողջ փչացածությամբ: Եւ որքան ավելի երկար է ձգվում այս անորոշ վիճակը, այնքան կրքերն ավելի են թեժանում:
Հատկանշական է փաստը, որ նախկինում գոնե մեծամասնականով հաղթած թեկնածուները գիտեին՝ եթե տվյալ ընտրատարածքի արդյունքները դատարանում չեն բողոքարկվում, իրենք հաստատ կստանան մանդատ: Իսկ հիմա նման խնդիր չկա, եւ ռեյտինգային ընտրակարգով առավել ձայներ ստացած անձինք անգամ չգիտեն՝ կդառնան պատգամավոր, թե՞ ՝ ոչ: Ի վերջո, եթե այս անգամ նրանց ստիպեն ինքնաբացարկ հայտնել կամ նշանակեն որեւէ պաշտոնի, ապա նոր ընտրություններ անցկացնելու կարիք այլեւս չի լինի. պատգամավոր կդառնա իրենց ցուցակի՝ ռեյտինգային ընտրակարգով առավել ձայներ ստացած հաջորդ թեկնածուն: Ու հիմա այս հանգամանքը լուրջ կախվածության մեջ է դրել այդ թեկնածուներին՝ միաժամանակ հույս արթնացնելով նրանց մեջ, ովքեր դեռ կարող են դառնալ պատգամավոր:

ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Ելք լրատվական-վերլուծական