Բոքսն ու Երևանի ավագանու ընտրությունները. Ըստ Ադիբեկյանի՝ Փոստանջյանը թեթև քաշային է

10

Այսօրվանից մեկնարկել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև մայիսի 12-ը: Մինչ ուժերը իրենց կարգախոսներով պետք է համոզեն երևանցուն, որ ամեն ինչ անում են «Հանուն Երևանի», որ ստեղծված իրավիճակից «Ելք կա», իսկ մի մասն էլ կշտապի «Դեպի Արարատ», Հայաստանի թիվ մեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախընտրական քարոզչությունը համեմատում է բոքսի հետ՝ ականատեսն ենք լինելու ծանր քաշային ու թեթև քաշային թեկնածուների  պայքարին:

ELQ-ի հետ զրույցում նա ասաց, որ դեռ հարցումներ չեն արել, հենվում են Ազգային Ժողովի ընտրությունների հարցումների վրա, որոնք  էլ ցույց են տալիս, որ Հանրապետականը Երևանում 40-ից ավելի ձայն էր ստացել: Հետևաբար այս ընտրություններում էլ ֆավորիտը հենց Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակն է: Նրա խոսքով, այստեղ կարևորը «Բարգավաճ Հայաստանի» ձայներն են, որը խորհրդարանական ընտրություններում  Երևանում ստացել էր 21 տոկոս, և ահա հիմա այդ ընտրազանգվածը պետք է վերաբաշխվի մասնակից երեք ուժերի միջև.

Նա նշում է, որ այս պահին պարզ չէ, թե ինչ ձաների ակնկալիք կարող է ունենալ Զարուհի Փոստանջյանի «Ծիրանի երկիրը», որի քաղաքական դեբյուտն է:

Ադիբեկյանը հիշեցրեց, որ վերջերս հարցում էին անցկացրել Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների մասով և պարզվել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը նույնիսկ առաջ տասնյակում չեն: Թեև, նկատեց նա, Փաշինյանի ռեյտինգը ավելի բարձր է, քան Փոստանջյանինը, հետևաբար նրան իսկապես դժվար է լինելու.

«Զարուհին իսկապես մեծ ճիգեր պետք է գործադրի, որպեսզի կարողանա Տարոն Մարգարյանի և Նիկոլ Փաշինյանի հետ ներկայանա»,-ընդգծեց նա:

Բայց թեժ պայքար այս ընտրապայքարում չի կանխատեսվում.

«Խոսքը տարբեր քաշային կատեգորիաների մասին է՝ ՀՀԿն գերծանրային է, թեթև քաշայինը՝ Փոստանջյանը, իսկ Փաշինյանը՝ կիսածանր քաշով է հանդես գալիս: Թեժ պայքար չիլինի, ուղղակի ամեն մեկը պետք է իր դիրքերը ամրապնդի»,- հավելեց նա:

Աննա Հովակիմյան

 

Ելք լրատվական-վերլուծական