Դեսպան Սեյրանյանի այցը Չեխիայի Հրադեց Կրալովե երկրամաս

43

Ապրիլի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Հրադեց Կրալովե երկրամասի համանուն մայրաքաղաք, որտեղ նա հանդիպում ունեցավ Հրադեց Կրալովեի համալսարանի ռեկտոր Կամիլ Կուչայի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին կրթության բնագավառում գործակցության հարցեր։ ԲՈՒՀ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ համալսարանը, որտեղ նաև հայաստանցի ուսանող է ուսանում, ներգրավված է «Erasmus» և «Erasmus+» ծրագրերում և պատրաստ է ավելի մեծ թվով ուսանողներ ընդունել Հայաստանից։

Այնուհետև, դեսպան Սեյրանյանը համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ուսանողադասախոսական կազմի առջև հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։

Նույն օրը Հրադեց Կրալովեի գիտահետազոտական գրադարանում տեղի ունեցավ Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հարցերի կոմիտեի նախագահ Ռոբին Բյոհնիշի հեղինակած «Հայաստանը՝ լեռների, վանքերի և գինու երկիր» երկլեզու (չեխերեն, անգլերեն) պատկերագրքի շնորհանդեսը և համանուն ցուցահանդեսի բացումը։ Նկարներում պատկերված էին Հայաստանի և Արցախի բնությունը, ճարտարապետական կոթողները և այլ տեսարժան վայրեր։

Արարողությանը ելույթներ ունեցան հեղինակը, Հրադեց Կրալովեի նահանգապետ Իրժի Շտեպանը և դեսպան Սեյրանյանը։

Տիգրան Սեյրանյանը, շնորհավորելով չեխ պատգամավորին կատարած աշխատանքի համար, վստահություն հայտնեց, որ պատգամավորի և Հայաստանի միջև եղած ամուր կապը կլինի շարունակական։

Հրադեց Կրալովեի երկրամասի նահանգապետն էլ իր խոսքում նշեց, որ 2015 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն կզարգանան երկրամասի և ՀՀ Տավուշի մարզի միջև կապերը։

Ելք լրատվական-վերլուծական