«Չորրորդ իշխանություն». Հայաստանում ուսուցիչներին, տնօրեններին արդեն այլ մշակույթի մեջ են գցել

92

«Չորրորդ իշխանություն». ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրություններին՝ դպրոցների տնօրենների կողմից ցուցակներ հավաքագրելու մասին։ Այդ սկանդալից հետո հանրության շրջանում գնալով տարածվեց այն տեսակետը, որ դպրոցներն ու տնօրենների ինստիտուտը պետք է ապաքաղաքականացնել։ Նախարարը ոչ միայն դեմ է նման գաղափարին, այլ նաեւ գտնում է, որ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենան քաղաքականության մեջ. «Մենք 40000 ուսուցիչ ունենք, եւ ուսուցիչները՝ մեր մտավորականության կարեւոր հատվածն են, եթե մենք ուզում ենք քաղաքական մշակույթ ունենալ, ապա այդ հզոր զանգվածը պետք է ներառվի կուսակցությունների ու քաղաքական մշակույթի մեջ»։ Լավ է, որ նախարարը ցանկանում է քաղաքական մշակույթ ունենալ, միայն թե, Հայաստանում ուսուցիչներին, տնօրեններին արդեն այլ մշակույթի մեջ են գցել, որը կոչվում է ընտրակեղծարարություն, ընտրական մանիպուլյացիաներ, ու դեռ չենք խոսում դպրոցներում կաշառքներ վերցնելու համատարած երեւույթի մասին։ Եթե Լեւոն Մկրտչյանն իսկապես անկեղծ է եւ ցանկանում է ուսուցիչներին՝ որպես մտավորականություն, տեսնել քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս, ապա բարի լինի գոնե մի անգամ այդ սկանդալային ձայնագրության առթիվ իր քաղաքական գնահատականը տա։ Հենց հարցնում են, ասում է՝ դե գիտեք, դատական գործ է գնում, քննություն է ընթանում ու նման խուսափողական մեկնաբանություններ։ Բայց ինքը մոռանում է, որ նախարարի պաշտոնը առաջին հերթին քաղաքական է, եւ նախարարն էլ քաղաքական գործիչ է, քաղաքական կոնկրետ ուժ է ներկայացնում, իսկ մենք առ այսօր այդ ուժի ու նրա նախարար ներկայացուցչի տեսակետն այս հարցում չգիտենք։

Մանրամասները ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Ելք լրատվական-վերլուծական