Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը. Արփինե Հովհաննիսյան

default (7)

 

Արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում աշխատում է 386 մարդ, որից 208-ը՝ աղջիկներ ու կանայք են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, «Հայաստանում աղջիկների եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովի ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարությունից հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ամերիկյան համալսարանին միջոցառումը կազմակերպելու համար եւ կարեւորել այս թեմայով գիտաժողով անցկացնելու գաղափարը:

Նրա խոսքով՝  ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքն է  ու նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: «Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը, որից նախ եւ առաջ սովորում ենք հասարակության նկատմամբ վերաբերմունք»,- նշել է նախարարը եւ հավելել, որ մեր երիտասարդ պետությունը չի կարող իրեն նման «շքեղություն» թույլ տալ ու  հրաժարվել հայ աղջիկների ու կանանց ներուժն օգտագործելու հնարավորությունից:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այդ առումով հայ հասարակությունում առաջընթացն ակնհայտ է: «Որպես օրինակ նշեմ, որ Արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում աշխատում է 386 մարդ, որից 208-ը՝ աղջիկներ ու կանայք են: Նրանցից 35-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, իսկ նախարարության աշխատողների մեծամասնության տարիքը մինչեւ 40 տարեկան է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ վիճակագրական այս թվերը դրական դինամիկա արձանագրող  փաստերի եւ քաղաքականության լուռ ապացույցներ են:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ իր համար հպարտության հիմքը զուտ թվերի դինամիկան չէ, այլ այն փաստը, որ այդ թվերից այն կողմ կրթված, պատասխանատու, փորձառու եւ նվիրված աղջիկներ ու կանայք են, որոնց ջանքերի արդյունքում հաջողությամբ կատարվել ու կատարվում են նախարարության առջեւ դրված մեծածավալ ու պատասխանատու աշխատանքները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար եւ գիտաժողովի մասնակիցներին մաղթել արգասաբեր աշխատանք:

Ելք լրատվական-վերլուծական